Չորեքշաբթի, 20 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, ներկայութեամբ նոյն խորհրդի ներկայացուցիչներ՝ տկն. Լինդա Ղարախանեանի եւ պրն. Արէն Յովսէփեանի, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Կրթական խորհրդի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման սկզբում պրն. Նորայր Արամեանը անդրադարձ ունեցաւ Արցախում տիրող ողբերգական իրադարձութիւններին եւ ժողովականներին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել նահատակների յիշատակը:
Հանդիպման նպատակն է եղել՝ 2023-2024 ուսումնական տարւայ նախաշեմին, տեղեկանալ դպրոցների վերաբացման աշխատանքների ընթացքի եւ հնարաւոր դժւարութիւնների մասին, որոնց կապակցութեամբ ընդհանուր զեկոյց ներկայացւեց Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի միջոցով:
Հանդիպման հիմնական օրակարգում անդրադարձ կատարւեց դպրոցներում արձանագրւած աշակերտութեան թւային պատկերին, որն ըստ տւեալների՝ համեմատական կարգով, նախորդ տարիներից տոկոսային թեթեւ նւազում է ունեցել: Սակայն նշւեց, որ մի քանի դպրոցներում դասարնների թիւը Կրթադաստիարակչութեան կողմից սահմանւած չափանիշներին համապատասխան չլինելու պատճառով, «Սիդա» ծրագրում դասարանների գրանցման համար առկայ են դժւարութիւններ, որին հետամուտ է Կրթական խորհուրդը: Նա յաւելեց, որ ներկայումս՝ բոլոր տւեալները նկատի ունենալով, ուսումնասիրւում են թէ՛ դպրոցների եւ թէ՛ մանկապարտէզների յառաջիկայ ուսումնական տարեշրջանի կրթաթոշակների գումարը, որը կը ներկայացւի իրական պատկերի ձեւաչափով: Պրն. Կարապետեանը իրազեկեց, որ 2022-2023 ուսումնական տարեշրջանում կրթաթոշակների գանձումը, տոկոսային բարձր պատկեր է արձանագրել, սակայն այդուամենայնիւ Թեմական խորհրդի կողմից դպրոցներին եւ մանկապարտէզներին տրամադրւած սուբսիդը կազմել է շուրջ 76.-միլիարդ ռիալ:
Պրն. Նորայր Արամեանը իր արտայայտութիւնների ընթացքում, կարեւորութեամբ անդրադարձաւ կրթական ոլորտին առնչւող աշխատանքներին եւ վստահեցրեց, որ Թեմական խորհուրդը բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ աշխատում է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ դպրոցներին եւ դժւարութիւնները մեղմացնելով ապահովել եւ բարելաւել հայկական դպրոցների կրթական մակարդակը, որն իր կարեւորութեամբ միշտ առաջնահերթ է համարւել: Սակայն այնուամենայնիւ ընդգծեց, որ ներկայ դրութեամբ դպրոցների եւ մանկապարտէզների վերադասաւորումը հրամայական եւ անխուսափելի օրակարգ է, որի նպատակն է ոչ միայն ծախսերի նւազումը, այլ նաեւ այն հանգամանքը, որ հնարաւոր կը դառնայ կենտրոնացած համակարգում աւելի լաւ հնարաւորութիւններ տրամադրել եւ երաշխաւորել դպրոցների կրթութեան մակարդակն ու որակի բարձրացումը:
Ընթացքում անդրադարձ եղաւ Հայոց պատմութեան իրական երեւոյթների պահպանման առնչւող մարտահրաւէրներին, ինչը յոյժ կարեւոր է ազգային ինքնութեան ամրապնդման եւ ազգային իրաւունքների պաշտպանման համար, քանի որ ըստ հնչած արտայայտութիւնների հայեցի դաստիարակութեամբ մեծացած հայն է յանձնառութիւն զգում հայօրէն գոյատեւելու եւ հայապահպանման սուրբ աշխատանքին լծւելու: Այս ուղղութեամբ ուսման մակարդակին զուգահեռ Հայոց դպրոցներում կարեւորւում է նոր սերունդը ազգային արժէքներով եւ հայեցի դաստիարակութեամբ սնելու հրամայականը, որի համար հարկաւոր է աչալրջօրէն հետամուտ լինել եւ նոր ծրագրեր մշակել:
Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը բարձր գնահատեց Կրթական խորհրդի անձնակազմի հետեւողական աշխատանքը եւ յաջողութիւն մաղթեց ապագայ աշխատանքներին:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ