Թւականիս, ուրբաթ 23 սեպտեմբերին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի ունեցաւ գոհաբանական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի առիթով:
Առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում, արարողութիւնը հանդիսապետեց Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:
Եկեղեցական արարողութեանը ներկայ էին Թեհրանում Հ. Հ. արտակարգ և լիազօր Դեսպան՝ Պրն. Արտաշէս Թումանեանը, դեսպանատան դիւանագիտական աշխատակազմը, Թ. Հ. Թեմի Թեմական Խորհրդի ներկայացուցիչները, Ալիք օրաթերթի տնօրէնութիւնն ու հաւատացեալ ժողովուրդը:
Քարոզից առաջ, Առաջնորդ Սրբազանն ու եկեղեցական հայրերը թափօր կազմելով սուրբ բեմ բարձրացան և այնտեղ կատարեցին գոհաբանական մաղթանքը, որի առընթեր ընթերցւեցին սաղմոսներ, մարգարէական ու առաքելական թղթեր, Աւետարան և աղօթք: Աղօթքի ընթացքին օրհնւեց դեսպանատան կողմից բերւած Ազգային Եռագոյն Դրօշը և Աստծուց օրհնութիւն, շնորք, իմաստութիւն և առաջնորդութիւն հայցւեց Հայաստան աշխարհի նախագահի, նախարարների, պատգամաւորների, զօրականների, բանակի և զինւորների, նաև համայն հայ ժողովրդի զաւակների համար, ինչպէս նաև՝ Հայ Եկեղեցու, զոյգ կաթողիկոսների, եկեղեցական դասի և ողջ միաբանութեան համար: Ապա, եկեղեցու երգչախումբը, ներկաների հետ միասին երգեց Հայաստանի պետական օրհներգ՝ «Մեր Հայրենիք»-ը:
Քարոզի ընթացքում Սրբազան Հայրը խօսեց անկախութեան գաղափարի և նրա հրամայական անհրաժեշտութեան մասին իւրաքանչիւր ազգի կեանքում և ի մասնաւորի հայկական իրականութեան և Հայաստան աշխարհի համար: Նա դրւատանքով խօսեց կրօնի, ազգի ու հայրենիքի սրբութեան և նւիրականութեան գիտակից, հաւատարիմ ու յանձնառու նահատակների մասին, որոնք իրենց արեան հեղումով իրենց էութեան հետ միախառնեցին աստւածատուր հայրենիքի հողը, որպէս աստւածակնիք անգնահատելի արժէք:
Անկախութեան իրողութիւնից ալիքաւորւող ու ներծծւող ներքին ու արտաքին հպարտութեան, ուրախութեան և ապահովութեան մասին անդրադառնալով՝ նա խօսեց հայ ժողովրդի անյաղթահարելի կամքի ու աննկուն հաւատքի մասին և վերջում, Թեմիս Բարեխնամ Առաջնորդի, Ազգային Իշխանութեան և մեր ժողովրդի անունից իր ուրախութիւնը և շնորհաւորանքը յայտնեց Հայաստանի Հանրապետութեան դեսպանին և դեսպանատան ամբողջ անձնակազմին, նաև մեր ողջ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 25-րդ տարեդարձի առիթով և աղօթեց, որ 25-ամեակը մեկնակէտը լինի գալիք հարիւրաւոր ու հազարաւոր ամեակների նշման, որոնք յատկանշւած լինեն յարատև հղօրացմամբ, բարգաւաճմամբ ու կերպարանափոխութեամբ ինչպէս նաև՝ լիաւոր աստւածային խաղաղութեամբ, ապահովութեամբ և առաջնորդութեամբ:
{gallery}201609/2016092401{/gallery}