Թ. Հ. Թ. տարրական դպրոցների 5-րդ եւ 6-րդ դասարանի «Գիտելիքների մրցութեան» յաղթող 42 աշակերտ-աշակերտուհիների 3-օրեայ ճամբարը տեղի ունեցաւ յունիսի 13- 15-ը՝ Նոր Ջուղայում:
Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յաձնախմբի միջոցով կազմակերպւած ճամբարը ծրագրւած էր հաճոյական եւ դաստիարակչական բաժիններից:
Աշակերտ-աշակերտուհիները ծանօթանալով Նոր Ջուղայի հայկական եւ Սպահան քաղաքի պատմական ու գեղեցիկ տեսարժան վայրերին, նաեւ առիթ ունեցան իրենց ընկեր-ընկերուհիների հետ վայելել հաւաքական, միասնական ընկերական կեանքը:
Խմբին ընկերակցում էին հետեւեալ պատասխանատուներ՝ Քլարա Աղախանեանը, Քամելիա Շիրւանեանը, Նազիկ Բալըքչեանը, Ստելլա Ասլանեանը, Հիլդա Աղախանեանը եւ Լիւդւիգ Նազարեանը, որոնք ոչ մի ճիգ չխնայեցին երեխաների խնամքի ուղղութեամբ:
Գնահատելի էր Ջուղայի թեմի Թեմական խորհրդի եւ «Արարատ» միութեան վարչութեան համագործակցութիւնը իրենց հնարաւորութիւնները ընձեռնելու եւ օժանդակելու ուղղութեամբ:
Ձեզ ենք փոխանցում աշակերտ-աշակերտուհիների գրած տեսակէտները ճամբարի վերաբերեալ, որն կարեւոր ենք համարում ապագայ ծրագրերի կազմութեան համար:
Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ
Աշակերտների տպաւորութիւնները արշաւից
Ես կը սիրեմ, որ մեզ աւելի շատ «Արարատ» տանեն, կը սիրեմ, որ առաւօտեան ժամը 9:00-ին արթնանալ, որ աւելի շատ հանգստանանք եւ աշխոյժ լինենք: Կը սիրեմ մէկ շաբաթ կամ 5 օր մնանք: Առաւօտը շուտ մարզանք չանենք: Տարբեր մրցոյթներ ունենանք: Տարբեր ձեւերի խաղեր ունենանք: Միւս տարիներ էլ գնանք տարբեր քաղաքներ:
Գիշերը ժամը 12-ին քնենք, ժամը 4-ին գնանք «Արարատ» եւ ժամը 9-ին յետ վերադառնանք:
Շատ շնորհակալ եմ ձեր նեղութիւններից, որ մեզ համար կատարել էք:
6/1 դասարան
* * *
Ինձ շա՜տ լաւ անցաւ: Միայն թէ՝
1-Գնանք լողի:
2-Օրերը շատանան:
3-Հանգստի ժամը շատանայ
4-Շուտ չարթնանանք:
5-Գիշերը խաղանք:
6-Մարզանք չանենք:
7-«Արարատ»-ի ժամը շատանայ:
6/2 դասարան
* * *
Ես այս ճամբարը սիրեցի եւ ամենաշատը եկեղեցիները սիրեցի: Ես շատ կը սիրէի, որ գիշերները մէկ ժամ քնել եւ առաւօտը տասին արթնանալ: Շատ լաւ կը լինէր, որ օրերը մի քիչ երկար լինէին եւ մենք բոլորս՝ 6-րդ, 7-րդ եւ 8-րդները իրար հետ լինէինք: Առաւօտեան ժամը 8-ին մարզանք չանենք: Բոլոր խաղերը մենք ընտրենք: Միւս տարի գնանք այլ վայրեր: Երբ գնում ենք «Արարատ»՝ երկար ժամանակ այնտեղ մնանք:
6/1 դասարան
* * *
Ես այս ծրագրի բոլոր աշխատանքները սիրեցի եւ ինձ շատ լաւ անցաւ, բայց աւելի շատ կը սիրէի, եթէ տարրականները եւ միջնակարգերը իրար հետ լինէին:
6-րդ դասարան
* * *
Իմ ամենասիրած մասերը պտոյտներն էին, օրինակ՝ «Արարատ»-ը եւ...:
Բայց, խնդրում եմ խմբերի բաժանելը մեր ցանկութեամբ լինի, մնալու օրերը շատանան, կերակուրները աւելի շատ որակով լինեն: Բայց շատ լաւ անցաւ:
* * *
Յանուն Աստծոյ
Ես այս արշաւում սիրեցի «Արարատ» գնալը, նաեւ սիրել եմ վերջին օրւայ թատրոնը:
Շատ լաւ ժամեր եւ օրեր ունեցանք իրար հետ եւ յոյսով եմ, որ էլի ընտրւենք բոլորս:
5-րդ դասարան
* * *
Ամենից լաւ մասերը «Արարատ» գնալը, պտոյտները եւ գիշերային ուրախ ժամանցն էր:
Բայց, ամբողջ օրերի ամէն ինչը լաւ էր: Աւելի լաւ կը լինէր, որ 5 օրով լինէր, որ աւելի շատ տեղեր գնայինք, եւ հանգստութեան պարագաները, օրինակ՝ մահճակալ, սեղան եւ... լինէր սենեակներում:
5-րդ դասարան
* * *
Ես այս տարի, երբ մասնակից եղայ Գիտելիքների մրցութեան եւ եկայ Ջուղա, ինձ շատ լաւ անցաւ:
Միայն մի խնդիր կար, մենք շատ քիչ մնացինք: Անցեալ տարի 5 օր մնացինք եւ աւելի լաւ անցաւ: Բացի այդ, ամէն ինչը լաւ էր, շատ, շատ, շատ շնորհակալ եմ ամէն ինչից, այս քանի օրը մեզ շատ, շատ լաւ անցաւ ու կը ներէք, որ Ձեզ նեղացրանք:
Նորից շնորհակալ եմ ամէն ինչից:
6/1 դասարան
* * *
Շատ շնորհակալ եմ կազմակերպչական կազմից: Գիշերային ծրագրերը, խաղերը եւ մարզանքը շատ հաճելի էին ինձ համար:
Կը սիրէի խաղի բաժինը աւելանար եւ օդը աւելի հով լինէր:
Իսկ եթէ միւս տարի տեղի ունեցաւ գիտելիքների մրցութիւն եթէ հնարաւոր է, յաղթողները գնան երկրից դուրս:
Նաեւ ծրագրերի մէջ տեղադրւեն առաւել եւս գիտելիքների բաժին:
6-րդ դասարան
* * *
Ճամբորդութիւնը շատ հաճելի էր: Ամէն ինչ յարմար եւ տեղաւորւած էր: Բայց կային բաներ, որ նեղացնում էին, օրինակ՝ խմբերի բաժանումը:
Գիշերը ուշ քնենք:
5/2 դասարան
{gallery}201609/2016092802{/gallery}