«ԱԼԻՔ» - Հայ մշակոյթի ամսեակի ծրագրերի շրջագծում՝ տարիների աւանդոյթի վերածւած հայ գրքի՝ արդէն 14-րդ ցուցահանդէսը այս տարի մեկնարկեց Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուն կից սրահում:
Թ. Հ. Թ. Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւող ցուցահանդէս-վաճառքի բացումը զուգորդւած էր արտայայտութիւններով եւ գեղարւեստական կատարումներով: Նախ Թեհրանի եկեղեցիների դպրաց դասի երգչախումբը (ղեկավարութեամբ դոկտ. Էլիպս Մասեհեանի) կատարեց Տէրունական աղօթքը, որը նաեւ աւելի ուշ հանդէս եկաւ կրօնա-ազգային երգերով: Կազմակերպիչ յանձնախմբի անունից ներկաներին ողջոյնի խօսք ասաց Նորիկ Ղարիբեանը կարեւորելով հայ ժողովրդի դէմ ծառացած մարտահրաւէրները եւ ձուլման վտանգը չէզոքացնելու հարցով հայ գիր ու գրականութեան անհրաժեշտութիւնը:
Գեղարւեստական յայտագիրը իրականացրին հայ մատաղ սերնդի ներկայացուցիչները՝ ասմունքներով, երգերով եւ նւագարանների կատարումներով: Փիւնիկ Խուդավերդեանը եւ Նէոմի Սեփարուկը ասմունքեցին Սաղմոսից հատւածներ, ջութակի եւ գիթառի առանձին կատարումներով ելոյթ ունեցան Մանուէլ Աբնուսեանը եւ Արեգ Նազարեանը, երգչախմբային կատարումներով ելոյթ ունեցան «Ա. Ա. Ահարոնեան» նախակրթարանի սաները, իսկ մեներգով՝ Մոնթէ Իսմայիլեանը:
Ցուցահանդէսին մասնակից վեց տաղաւարներ՝ ազգային առաջնորդարանի եւ միջեկեղեցականի, «Ալիք» օրաթերթի, «ՀՈՒՍԿ» հաստատութեան «Նայիրի» հրատարակչութեան եւ Իրանահայ գրողների միութեան կողմից ներկայացւած գրքերի, իրենց ծաւալած աշխատանքների եւ ինչու չէ դժւարութիւնների մասին արտայայտւեցին ներկայացուցիչներ՝ կիսասարկաւագուհի Անի Մանուէլեանը, Արամ Շահնազարեանը, Արտոյտ Զոհրաբեանը եւ Վարանդ Քուրքչեանը:
Եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդն իր արտայայտութիւնների ընթացքում գնահատանքով արտայայտւեց հոծ թւով հայրենակիցների ներկայութեան փաստին՝ այն համարելով ժողովրդի հետաքրքրւածութիւնը հայ գրքի ու մշակոյթի հանդէպ: «Հայ գիրքը մեր ժողովրդի կեանքում եղել է ճանապարհը, որ մեզ առաջնորդել է մեր ինքնութեան: Ինքնութեան կնիքը մեր մէջ դրոշմող ճշմարտութիւն է՝ հայ գիրքը: Մեր ժողովրդի փառահեղ անցեալի ամբողջական գիտակցութիւնը մեր էութեան մէջ շաղախող իրականութիւն է հայ գիրքը»:
Թեմակալ առաջնորդի արտայայտութիւններից յետոյ Սրբազան Հօր ձեռամբ բացումը կատարւեց «Հայ գրքի» 14-րդ ցուցահանդէսի, որը, օրերի ընթացքում ներկայացնելու է համայնքում հրատարակւած բոլոր գրքերը: Բացման հանդիսութեանը ներկայ էին նաեւ Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան մշակութային հարցերով կցորդ Սահակ Եղիազարեանը, Իրանում Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ եպս. Սարգիս Դաւիթեանը, Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, քահանայ հայրեր, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:
Նոյն ցուցահանդէսը կայանալու է նաեւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցում:
{gallery}201610/2016102302{/gallery}