Սուրբ Աստւածածին եկեղեցին գտնւում է Ջոմհուրի Էսլամի պողոտայի Միրզա Քուչիք Խան Ջեանգեալի փողոցում:
Սուրբ Աստւածածին եկեղեցու կառուցման ծախսը հոգացել է բարերար՝ Ռոման Իսայեանը, իսկ ճարտարապետը եղել է Նիկոլայ Մարկովը:
Այս եկեղեցին 1945-ից մինչեւ 1970 թւականը եղել է առաջնորդանիստ եկեղեցի եւ նրա շրջափակում են գտնւել Թեմական Խորհրդի գրասենեակները եւ թեմակալ առաջնորդի բնակարանը:
Եկեղեցին շինւած է պադւանդանի վրայ: Եկեղեցու ելումուտը կատարւում է մուտքերի առջեւ կառուցւած լայն սանդուխքներով: Եկեղեցու յատակագիծը ներքուստ եւ արտաքուստ խաչաձեւ է եւ խորանը գտնւում է արեւելեան կողմում: Խորանը երեք լուսամուտ ունի: Խորանի երկու կողմերում գտնւում են երկու սիմետրիկ աւանդատներ, որոնք բացւում են գլխաւոր աղօթասրահ: Գլխաւոր գմբեթը ունի տասներկու կողմ, տասներկու լուսամուտներով եւ գտնւում է աղօթասրահի վրայ: Եկեղեցու գլխաւոր գմբեթը կառուցւած է ոչ թէ հայկական ճարտարապետութեան ոճով, այլ բիւզանդական ճարտարապետութեան ազդեցութեամբ, որը տարածւած է եղել Ռուսաստանում եւ Վրաստանում: Եկեղեցու արեւմտեան կողմում առկայ երկրորդ փոքր գմբեթը, ծառայում է որպէս զանգակատուն:
Եկեղեցին ունի երեք մուտք: Գլխաւոր մուտքը գտնւում է արեւմտեան կողմում, խորանի դիմաց եւ ունի մեծ ճակատ եւ երկու զարդասիւներ: Եկեղեցու ներսում մուտքից վերեւ եւ զանգակատնից ներքեւ կառուցւած է պատշգամբ երգչախմբի համար :
Եկեղեցին երեք կողմերում ունի մեծ լուսամուտներ, իսկ արեւմտեան կողմի լուսամուտները փոքր են եւ բացւած են գլխաւոր մուտքի ճակատից վերեւ:
Եկեղեցու ներսում արեւելեան, հիւսիսային եւ հարաւային պատերին փորւած են մինչեւ պատւանդանի մակարդակն իջնող ուղղաձիգ եռանկիւնաձեւ խորշեր: Եռանկիւնաձեւ խորշերի վերին հատւածում դրւած է կիսաշրջանաձեւ քանդակ, ինչը ներշնչւած է հայկական միջնադարեան ճարտարապետութիւնից եւ կառոյցը գեղեցկացնում է արտաքին պատերի վրայ առաջացրած լոյս ու ստւերով: Կառոյցի արտաքին մակերեսին, լուսամուտների վերեւում եւ պատերի վերին եզրերին աչքի են ընկնում զարդաքանդակներ, իսկ դրանցից վերեւ եկեղեցու չորս կողմում զետեղւած են խաչի քանդակներ:
Գլխաւոր մուտքի ճակատից վերեւ գտնւող քարէ արձանագրութիւնը յիշատակում է եկեղեցու կառուցումը եւ եկեղեցին շինող բարերարի անունը: Կառոյցի արտաքին պատերին զետեղւած են որմնասիւներ, որոնք բարձր շրջանակների տեսք ունեն:
Եկեղեցու շրջափակում է գտնւում Թեհրանի Հայոց Թեմի նախկին առաջնորդ՝ երջանկայիշատակ Արտակ Արքեպիսկոպոս Մանուկեանի անւան թանգարանը, որը հիմնւել է 2008 թւականի նոյեմբերին:
Սուրբ Աստւածածին եկեղեցու բակում են գտնւում հայ մեծանուն դէմքերի, ինչպէս՝ Իրանի Սահմանադրական Շարժման զօրապետ եւ Իրանի պատմութեան մէջ «Եփրեմ Խան» անունով յայտնի՝ Եփրեմ Դաւիթ Դաւթեանի (1868-1912), ինչպէս եւ Յովհաննէս Խան Մասեհեանի (1864-1931) գերեզմանները: Այս պարագան եկեղեցուն տալիս է առաւել մեծ կարեւորութիւն:
Թեհրանի առաջնորդարանը Սուրբ Սարգիս եկեղեցու շրջափակ տեղափոխւելուց յետոյ, Սուրբ Աստւածածին եկեղեցուն կից շէնքը յատկացւեց բարեգործական, կրթական եւ հետազօտական միութիւնների: Եկեղեցու բակում
դոկտ. Յարութիւն Դաւթեանի կիսանդրու տեղադրմամբ, այս վայրը թեհրանահայութեան համար վերածւեց կրօնական եւ մշակութային կենտրոնի:
Սուրբ Աստւածածին եկեղեցին 2002 թւականին Իրանի Մշակութային Ժառանգութեան Գործակալութեան կողմից գրանցւել է որպէս ազգային կոթող:
ծանօթագրութիւն
-Եփրեմ Խանը (պարսից պատմութեան մէջ՝ Եփրեմ Խան Առմանի) ծնւել է Գանձակի մօտ գտնւող Բարսում գիւղում: Վաղ երիտասարդ տարիքում Օսմանեան կայսրութեան դէմ պայքարելու նպատակով մի խումբ հայ մարտիկների հետ անցաւ Արեւմտեան Հայաստան: Բաւական ժամանակ անխնայ կռիւներ մղելուց յետոյ, իր զինակիցների հետ ձերբակալւեց ցարական Ռուսաստանի սահմանապահ զօրքերի կողմից եւ դատավարութիւնից յետոյ աքսորւեց Սախալին ռուսական կղզին: Նա հրաշքով փախուստ տւեց մահացու աքսորավայրից, հասաւ նախ Ճապոնիա եւ երկարատեւ ճամորդութիւնից յետոյ՝ Իրան: Իրանի Խորհրդարանի գնդակոծման (էսթեբդադէ Սաղիր) միջադէպի ընթացքին գնաց Թաւրիզ եւ սահմանադրական շարժման ռազմիկների (մոջահեդների) հետ ուս-ուսի կռւեց Մոհամմադ Ալի Շահի զօրքերի դէմ: Մասնակցեց Թեհրան մտնելու գործողութիւններին եւ սահմանադրական շարժման յաղթանակի մէջ կարեւոր դեր կատարեց: Այնուհետեւ նշանակւեց Թեհրանի ոստիկանապետ: Նա մեծ ջանքեր գործ դրեց հակասահմանադրական ուժերի հետ պայքարում եւ զոհւեց 1912-ի Մայիսի 19-ին Համադանի Ղալէյէ Շուրջէի մօտ բռնապետական ուժերի դէմ մղած կռիւներից մէկում: Եփրեմ Խանը Սահմանադրական շարժման ընթացքին զոհւած փոքրաթիւ առաջնորդների թւում էր, ով նահատակւեց ազատութեան թշնամիների դէմ մղած պայքարում: Նրա անձնական իրերը ցուցադրւած են Իսֆահանի Ս. Ամենափրկիչ Վանքի Թանգարանում:
-Յովհաննէս Խան Մասեհեանը ծնւել է Թեհրանում, 1864 թւի Փետրւար 23-ին: Բարձր կրթութիւնից, խորն ու լայն ուսումնասիրութիւններից, նաեւ անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն, պարսկերէն եւ հայերէն լեզուներին տիրապետելուց բացի, նա համեստ եւ պատկառելի անձնաւորութիւն էր, բարեկիրթ ու բարեհամբոյր վերաբերմունքի տիպար: Ընկերները, գաղափարակիցները, գործընկերները եւ այլ իրանցիներ ու արտասահմանցիներ, որոնք նրա հետ շփւում էին քաղաքական, հասարակական եւ գրական աշխարհում, նրան բնորոշում են որպէս ազնիւ եւ պարկեշտ մարդ: Բարոյական այս առանձնայատկութիւնների եւ գիտական բարձր մակարդակի բերումով, Մասեհեանը իրանական պետութեան եւ արքունիքի կողմից արժանացաւ մի քանի երկրում դեսպանութեան բարձր պաշտօնների եւ այս առաքելութիւնների ընթացքում կարեւոր ծառայութիւններ մատուցեց: Նա Իրանի իրաւունքների եւ շահերի պաշտպանութեան դրօշակակրի համբաւ ունէր եւ արժանի կերպով բարձր էր պահում Իրանի անունը եւրոպական արքունիքներում եւ օտար պետութիւններում: Քաղաքականութիւնից բացի, Յովհաննէս Խան Մասեհեանը ակնառու գործունէութիւն էր ծաւալում նաեւ գրականութեան բնագաւառում եւ համարւում է Շեքսպիրի լաւագոյն թարգմանիչներից մէկը: Նա անգամներ հրաւիրւեց մասնակցելու Շեքսպիրի մեծարման միջոցառումների:
-Պրոֆեսոր Յարութիւն Դաւթեանը ծնւել է 1925 թւի Փետրւար 21-ին: Տարրական կրթութիւնը ստացել է Քուշէշ դպրոցում, իսկ միջնակարգ կրթութիւնը՝ Ալբորզ Քոլեջում: Բժշկի մասնագիտութիւն ձեռք բերելու նպատակով, ուսումը շարունակել է Թեհրանի Բժշկական Գիտութիւնների Համալսարանում եւ աւարտել 1948-ին : Բժշկութեան դոկտորական շրջանի եւ զինւորական ծառայութեան աւարտից յետոյ, իր դիմումի համաձայն, 1950-ի Օգոստոս 2-ին նշանակւել է Թեհրանի Բժշկական Գիտութիւնների Համալսարանի բժշկական ֆակուլտետին կից նորաստեղծ հոգեբուժարանի ասիստենտ եւ Ռուզբեհ հոգեբուժական հիւանդանոցում համագործակցել է Դոկտ. Չեհրազիի եւ Դոկտ. Նասերիի հետ: 1955-ին հոգեբուժարանի կառավարչի ընտրութեան քնութիւններում յաջողութիւն արձանագրելով, ուսումը շարունակելու համար մեկնել է Լոնդոն եւ 1958 թւին ստացել է հոգեկան հիւանդութիւնների մասնագիտական դիպլոմ (D.P.M. ) Լոնդոնի համալսարանից: Դոկտ. Դաւթեանը, որպէս իրանցի ակնառու գիտնական, իր գիտական եւ հետազօտական բազմաթիւ աշխատութիւններով արժանի ծառայութիւն է մատուցել բժշկութեան եւ յատկապէս հոգեբուժութեան ոլորտներում: Դոկտ. Դաւթեանն ունի եզակի աշխատութիւններ հոգեբուժութեան եւ կլինիկական հետազօտութիւնների բնագաւառում եւ մեծ ազդեցութիւն է թողել Իրանի հոգեբուժութեան նորագոյն տերմինաբանութեան եւ լեզւի վրայ: Նա եղել է միջազգային մակարդակում յայտնի փոքրաթիւ հեղինակներից մէկը: Դոկտ. Դաւթեանը տարիներ շարունակ բժշկական համալսարանի ուսանողներին դասաւանդել է հոգեբուժութեան մասնագիտական առարկաներ՝ սկզբնական եւ խորացւած մակարդակներում: