Էջ 4, 24-ից
Պատգամաւորական Ժողով
ՅՕԴՒԱԾ 29.
- ա- Պատգամաւորական ժողովը Թեհրանի թեմի բարձրագոյն իշխանութիւնը լինելով՝ բաղկանում է հոգեւորական եւ աշխարհական անդամներից, որոնց ընդհանուր թւի վեց-եօթներորդը լինելու են աշխարհական, իսկ մէկ-եօթներորդը՝ հոգեւորական:
- բ- Աշխարհական եւ հոգեւորական պատգամաւորները ընտրւում են չորս տարւայ ժամանակաշրջանով եւ վերընտրելի են նաեւ յաջորդական նստաշրջանների համար:
ՅՕԴՒԱԾ 30.
- ա- Թեհրանի նահանգի Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայ համայնքը իւրաքանչիւր երեքհազար շնչի դիմաց ընտրում է մէկ պատգամաւոր, իսկ Թեհրանի հայոց թեմին մաս կազմող միւս շրջանների համայնքները մինչեւ հազար շունչ հաշւելու դէպքում՝ ընտրում են մէկ, իսկ հազար շնչից աւելին հաշւելու պարագայում՝ ընտրում են երկու պատգամաւոր: Թեհրանի կամ շրջանների հայ ազգաբնակչութեան աննախատեսելի տեղաշարժի պարագայում՝ ընտրելի պատգամաւորների համեմատական թիւը նշանակելու է օրւայ Թեմական խորհուրդը:
- բ- Պատգամաւորական ժողովի ամէն մէկ ընտրաշրջանի պատգամաւորների թիւը, համաձայն վերոյիշեալ տւեալների, ճշտւում է սոյն կանոնադրութեան ՅՕԴՒԱԾ 31-ի տրամադրութեան համաձայն կեանքի կոչւած Ընտրական կենտրոնական յանձնախմբի միջոցով եւ Թեմական խորհրդի հաստատումով:
- գ- Պատգամաւորական ժողովի անդամների թիւը ոչ մի դէպքում չի կարող քառասունհինգից պակաս լինել:
ՅՕԴՒԱԾ 31.
- ա- Պատգամաւորական ժողովի աշխարհական անդամները ընտրւում են հետեւեալ կարգով.
- ա- Պատգամաւորական ժողովի քառամեայ շրջանը լրանալուց չորս ամիս առաջ, Թեմական խորհուրդը կեանքի է կոչում 11 հոգուց բաղկացած մի Ընտրական Կենտրոնական յանձնախումբ:
- բ- Ընտրական Կենտրոնական յանձնախումբը համաձայն սոյն կանոնադրութեան 30-րդ յօդւածում ճշտւած տւեալների, որոշում է թեմիս ենթակայ բոլոր ընտրաշրջանների թաղամասեր եւ թեմիս մաս կազմող շրջանների պատգամաւորների թիւը:
- գ- Թաղամասերում պատկան թաղամասի պատգամաւորների ընտրութիւնը, Ընտրական Կենտրոնական յանձնախմբի հսկողութեան ներքոյ, կազմակերպւում է Ընտրական Կենտրոնական յանձնախմբի կողմից նշանակւած ենթայանձնախմբերի միջոցով:
- դ- Իւրաքանչիւր ընտրաշրջանում բնակւող եւ ընտրելու իրաւունք ունեցող ազգայինները, Ընտրական Կենտրոնական յանձնախմբի միջոցով ճշտւած թիւը լրացնելով, որոշեալ ժամանակաշրջանում պատկան ենթայանձնախմբերին են ներկայացնում իրենց թեկնածուները:
- ե- Ենթայանձնախմբերը, որոշեալ ժամանակաշրջանի աւարտից յետոյ, Ընտրական Կենտրոնական յանձնախմբին են ներկայացնում պատկան ընտրաշրջանի թեկնածուների ցանկը:
- զ- Ընտրական Կենտրոնական յանձնախումբը, քննարկելուց յետոյ ներկայացւած ցանկերը, մամուլի եւ առանձին թերթիկների միջոցով հանրութեան է ներկայացնում ընտրւելու իրաւունք ունեցող թեկնածուների ցանկը:
- է- Ընտրութեան համար որոշւած օրը իւրաքանչիւր ընտրաշրջանում բնակւող ազգայինները, Ընտրական յանձնախմբի յայտարարած թեկնածուների ցանկից, հաւասար, գաղտնի եւ ուղղակի քւէարկութեամբ ընտրում են իրենց պատկան ընտրաշրջանի համար որոշւած թւով պատգամաւորներ:
- ը- Թեմիս ենթակայ քաղաքներում այս յօդւածով Թաղային Ընտրական ենթայանձնախմբերի համար նախատեսւած իրաւասութիւններն ու պարտականութիւնները տրւած են Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան:
- թ. Ընտրութիւններին առնչւող մնացեալ մանրամասնութիւնները ճշտւում են Ընտրական Կենտրոնական յանձնախմբի կողմից ու Թեմական խորհրդի վաւերացումն ստանալուց եւ հանրութեան տեղեկացւելուց յետոյ՝ գործադրութեան դրւում:
ՅՕԴՒԱԾ 32.
- ա- Պատգամաւորական ժողովի հոգեւորական անդամները ընտրւում են քահանայից ժողովի կողմից, հաւասար, գաղտնի եւ ուղղակի քւէարկութեամբ:
- բ- Պատգամաւորական ժողովի հոգեւորական անդամների թիւը ճշտւում է Ընտրական Կենտրոնական յանձնախմբի կողմից եւ սոյն կանոնադրութեան 29-րդ եւ 30-րդ յօդւածներում ճշտւած տւեալների հիման վրայ:
ՅՕԴՒԱԾ 33.
Իւրաքանչիւր պատգամաւոր պիտի ունենայ մանդատ՝ տրւած Ընտրական Կենտրոնական յանձնախմբի կողմից:
ՅՕԴՒԱԾ 34.
- ա- Պատգամաւորների ընտրութեան դէմ եղած բողոքների քննարկումը կատարում է Ընտրական Կենտրոնական յանձնախումբը, որը իր աշխատանքների զեկոյցը, ինչպէս նաեւ ստացւած բողոքների քննարկութեանց արդիւնքը, նշանակւած ժամկէտին յանձնում է Թեմական խորհրդին՝ առ ի յայտարարութիւն հանրութեան:
- բ- Եթէ բողոքների քննարկութեան արդիւնքը անհրաժեշտ դարձնի նոր ընտրութիւնների կատարումը, որեւէ ընտրական շրջանում, Ընտրական Կենտրոնական յանձնախումբը կը ձեռնարկի նոր ընտրութեանց՝ պատկան շրջանում:
- գ- Պատգամաւորների մեծամասնութեան ընտրութիւնից յետոյ, առաջնորդը ամենաուշը մինչեւ տասնհինգ օր, հրաւիրում է Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը:
- դ- Իր պարտականութիւնները լրացնելուց եւ բոլոր պատգամաւորների մանդատների վերջնական վաւերացումից եւ Պատգամաւորական ժողովի անդամների թիւը լրանալուց ու արդիւնքը Թեմական խորհրդին զեկուցելուց յետոյ, Ընտրական Կենտրոնական յանձնախումբը լուծարքի է ենթարկւում:
- ե- Թեմական խորհուրդը ընտրութիւնների վերջնական արդիւնքը յայտարարում է՝ առ ի տեղեկութիւն հանրութեան:
- զ- Նորընտիր պատգամաւորների մանդատների վերջնական ստուգումը կատարում է ինքը՝ Պատգամաւորական ժողովը:
- է- Պատգամաւորական ժողովը, իր ներքին աշխատանքները աւարտելուց անմիջապէս յետոյ, իր կազմութեան եւ գործի ձեռնարկման մասին տեղեկացնում է Վեհափառ Հայրապետին՝ առաջնորդի միջոցով:
ՅՕԴՒԱԾ 35.
- ա- Պատգամաւորական ժողովը տարեկան ունենում է մէկ նստաշրջան, նախընտրաբար՝ ապրիլ ամսին, ունկնդրելու համար Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի գործունէութեանց ամփոփ զեկոյցը: Միայն վերոյիշեալ մարմինների գործունէութեան աւարտին Պատգամաւորական ժողովը քննարկում ու բանաձեւ է տալիս Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի գործունէութեան մասին եւ ընտրում նոր Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի կազմերը:
- բ- Պատգամաւորական ժողովն իր առաջին նիստում թեմակալ առաջնորդի բացման աղօթքից յետոյ՝ ընտրում է առժամեայ դիւան՝ երիցագոյն եւ կրտսերագոյն պատգամաւորներից, որը կատարում է նորընտիր պատգամաւորների մանդատների ստուգում:
- գ- Պատգամաւորական ժողովը, մանդատների ստուգումից յետոյ, ընտրում է մնայուն դիւան բաղկացած երկու ատենապետերից ու երկու ատենադպիրներից:
- դ- Պատգամաւորական ժողովը կարող է ունենալ արտակարգ նիստեր՝ առաջնորդի, Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի առաջարկութեամբ կամ պատգամաւորների ընդհանուր թւի մէկ-չորրորդի գրաւոր դիմումի հիման վրայ:
- ե- Պատգամաւորական ժողովի արտակարգ նիստերի իրաւասութիւնները, նախապէս ճշտւած օրակարգի սահմաններում, համապատասխան են Պատգամաւորական ժողովի տարեկան նիստերի իրաւասութիւններին:
ՅՕԴՒԱԾ 36.
Պատգամաւորական ժողովի իրաւասութիւններն են.
- ա- Ընտրել կամ հրաժարեցնել թեմակալ առաջնորդին կամ առաջնորդական տեղապահին:
- բ- Ընտրել Ազգային ժողովի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի ընտրութեան առթիւ գումարւած յատուկ ընտրական ժողովի պատգամաւորներ:
- գ- Ընտրել Թեմական խորհուրդ:
- դ- Ընտրել թեմի Հաշւեքննիչ մարմին:
- ե- Քննել եւ հաստատել Թեմական խորհրդի տարեկան ելեւմտից նախահաշիւը:
- զ- Հաստատել Թեմական խորհրդի կողմից սոյն կանոնադրութեան նախատեսած սահմաններում կեանքի կոչւած մարմինների կազմութիւնը եւ նրանց անձնակազմերը:
- է- Հաստատել թեմական-եկեղեցական տուրքեր եւ սահմանել նրանց գանձման եւ բաշխման միջոցներն ու ձեւերը:
- ը- Քննել թեմակալ առաջնորդի եւ առաջնորդական տեղապահի դէմ յարուցւած հարցերն ու ներկայացւած բողոքները եւ իր վճռահատումը ներկայացնել Վեհափառ Հայրապետին:
- թ- Քննել եւ համապատասխան լուծում տալ Թեմական խորհրդի դէմ ներկայացւած բողոքագրերին:
- ժ- Քննել ու մտքերի փոխանակութիւն կատարել թեմի սահմաններում ստեղծւած ընդհանուր խնդիրների մասին եւ այդ առթիւ ցուցմունքներ տալ Թեմական խորհրդին:
ՅՕԴՒԱԾ 37.
Պատգամաւորական ժողովին մասնակցում են նոյն ժողովի կողմից ընտրւած մարմինների անդամները՝ խորհրդակցական ձայնով: