Այս օրերին, որոշ անհատներ եւ խմբեր անձնական հաշւեհամարներ ներկայացնելով, հանդէս են եկել յայտարարութիւններով՝ կարիքաւոր ընտանիքներին օժանդակելու նպատակով, նիւթական գանձումներ կատարելու, որոնք որեւէ առընչութիւն չունեն ու հաշւետու չեն Ազգ. Առաջնորդարանին եւ առ այդ համայնքիս անհատների եւ պատասխանատու անձանց բողոքի տեղիք են տւել:
Հարկ ենք համարում նշել, որ Թեմիս կանոնագրութեան համաձայն բարեսիրական բնագաւառում աշխատանքներն ընթանում են Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի միջոցով, որն իր առաքելութիւնը, ըստ հիմունքների եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեան ներքոյ, կանոնաւոր կերպով շարունակում եւ իր ծառայութիւնն է մատուցում Թեմիս կարիքաւոր ընտանիքներին:
Ուստի այլ անւանումների ներքոյ իրականացւող բարեսիրական բոլոր աշխատանքները եւ ներկայացւած անհատական հաշւեհամարները անվաւեր ճանաչելով յայտնում ենք, որ Թեմիս Ազգային Առաջնորդարանը, որեւէ պատասխանատւութիւն չի ստանձնելու հետեւանքների համար:
Յատկանշական է, որ բարեսիրական նպատակով Ձեր նիւթական նւիրատւութիւնները կարող էք փոխանցել հետեւեալ հաշւեհամարին՝
بانک تجارت
شماره کارت 7571-0711-8370-5859
بنام شورای خلیفه گری ارامنه تهران و شمال
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի եւ իր նահատակակից ընկերների՝ Եւգրափոսի եւ Երմոգինէսի յիշատակի օրն է:
Սոյն տօնը համընկնում է նաեւ Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Արդարեւ այս առիթով, երկուշաբթի, 11 դեկտեմբեր 2023 թւականին, համանուն եկեղեցում մատուցւեց Ս. եւ Անմահ պատարագ եւ տօնակատարւեց Ս. Մինասի եւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնը։
Արցախից տեղահանւած մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը երկուշաբթի թւականիս դեկտեմբերի 11-ին, Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) յարկի տակ գումարած իր նիստի ընթացքում, որին ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, համապարփակ գծերով անդրադարձ կատարեց մինչ այժմ կատարւած աշխատանքների մասին:
Կիրակի, 10 դեկտեմբեր 2023 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Թեհրանի նահանգի քաղաքների Նահատակների Հիմնարկի (Բոնեադ Շահիդ) ներկայացուցիչներ՝ Քարոզչական բաժնի տնօրէն՝ պրն. Մոհսէնիի եւ Մշակութային հարցերով տեղակալ՝ տկն. Թաբիրէյի հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանը:
Չորեքշաբթի, 6 դեկտեմբեր 2023 թւականի երեկոյեան, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը մասնակցել է Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ՝ Սէյեդ Մորթէզա Ռոհանիի հրաւէրով, շրջանի քաղաքապետարանի ժողովասրահում կազմակերպւած խորհրդակցական հանդիպմանը, որտեղ նաեւ ներկայ են եղել պատկան շրջանի մշակութային կենտրոնների պատասխանատուները:
Չորեքշաբթի, 6 դեկտեմբեր 2023 թւականին, Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր հովիւ եւ եկեղեցու հաղորդակցութեան բաժնի տնօրէն՝ Դանիալ Գրիգարի Մատրոսաֆը, որը հիւրաբար գտնւում էր Ղոմի Ալմոստաֆայ համալսարանում, պատկան պատասխանատուների ընկերակցութեամբ այցելեց Ս. Սարգիս եկեղեցի եւ Ազգ. Առաջնորդարան: Պատւիրակութեանը դիմաւորեցին Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրան գտնւող՝ Հոգեշնորհ Տ. Վիգէն Վրդ. Տալգլըճեանը, Իրանի Իսլ. Խորհրդարանում Իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ պրն. Ռոբերթ Բեգլարեանը եւ պրն. Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, Կրօնական խորհրդի ատենապետ Տ․ Մաշտոց քհնյ. Խաչատրեանը եւ ատենադպիրներ՝ Տ․ Գրիգորիս քհնյ. Ներսէսեանսը եւ Տ․ Արիստակէս քհնյ. Շահմիրեանը եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանը:
Այսու Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ երկուշաբթի 11 դեկտեմբեր 2023-ին, տօնն է Ս. Մինասի: Ս. Մինասի տօնը համընկնում է Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Արդարեւ այս առիթով, Ս. Մինաս եկեղեցում, հովանավորութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, երկուշաբթի 11 դեկտեմբեր 2023-ին, մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Պատարագելու եւ քարոզելու է՝ հիւրաբար քաղաքս գտնւող Հոգեշնորհ Տ. Վիգէն Վրդ. Տալգլըճեանը:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00-ին
Ս. Պատարագ ժամը 10:00-ին
Քարոզ ժամը 11:00-ին
Մեր ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք՝ ներկայ լինելու կրօնական արարողութեան եւ Ս. պատարագին՝ հաղորդւելու համար սուրբի յիշատակով եւ վերաթարմացնելու Քրիստոնէական իրենց հաւատքը:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Ծանօթ: Բոլոր այն հաւատացեալ ուխտաւորները որոնք ուզում են նւիրատւութիւն եւ կամ մատաղ անել, թող բարի լինեն կապ պահել Ս. Մինաս Եկեղեցու Խորհրդի հետ:
Նկատի ունենալով Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի հաշւետու նիստի յետաձգման պարագան, Թեմական խորհուրդն իր աշխատանքը շարունակելով, կիրակի, 3 դեկտեմբեր 2023 թւականին, ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի գումարեց իր հերթական՝ 96-րդ նիստը:
Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի դիւանի հրաւէրով, հինգշաբթի, 30 նոյեմբեր 2023 թւականին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում գումարւեց 17-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի եւ Թեմական Խորհրդի դիւանների համատեղ խորհրդակցական հանդիպումը, որի հիմնական օրակարգում քննարկւեցին Պատգամաւորական Ժողովի հաշւետու նիստի յետաձգման պարագան՝ տարբեր դիտանկիւններից եւ շրջանաւարտ Թեմական խորհրդի գործունէութեան շրջանի երկարաձգման դէպքում առաջացւող դժւարութիւնները:
Չորեքշաբթի, 29 նոյեմբեր 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Հայ Համալս. Ընդհանուր Միութեան վարչութեան ատենապետ Խաչատուր Խաչատրեանին, որը եկել էր Սրբազան Հօր հովանաւորութիւնը եւ օրհնութիւնը խնդրելու Միութեան հիմնադրման եւ գործունէութեան 80-ամեակին նւիրւած նախաձեռնութիւնների կապակցութեամբ: