Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 26 յունիսի 2022 թւականը համընկնում է Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման տարեդարձին:
Այս առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում, յընթացս Ս. Պատարագի կատարւելու է Հայրապետական մաղթանք, Նորին Սրբութեան արեւշատութեան եւ քաջառողջութեան ի խնդիր:
Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցում կրօնական արարողութիւններին նախագահելու եւ քարոզելու է Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Արդ հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու Ս. պատարագին եւ հաղորդւելու օրւայ խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Երեքշաբթի՝ թւականիս յունիս 21-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Կրօնագիտութեան համալսարանի յարաբերութիւնների եւ միջազգային կապերի տնօրէն դոկտ. Մոհամմադ Թասխիրիին, նոյն համալսարանի միջազգային յարաբերութեան վարիչ տնօրէն դոկտ. Համէդ Շահ Ռաֆաթիին, Ասիա եւ Աւստրալիա յարաբերութիւնների տնօրէն Էբրահիմ Ամինին եւ Միջազգային գիտական յարաբերութիւնների տնօրէն Մոհսէն Մոհասէլ Եազդին, Թեհրան հիւրաբար գտնւող Երեւանի Պետական Համալսարանի տնօրէն Յովհաննէս Յովհաննէսեանին, ԵՊՀ-ի միջազգային համագործակցութեան տնօրէն Մուրադ Նուրիջանեանին, ԵՊՀ-ի ընդարձակման եւ նորարարութեան գծով օգնական Միքայէլ Յովհաննէսեանին եւ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանին:
ՀՀ Դեսպանութիւնից ներկայ էին դեսպանատան խորհրդական՝ Էդւարդ Խաչատրեանը, դեսպանատան երկրորդ քարտուղար՝ Գարիկ Գրիգորեանը եւ թարգմանիչ Գրիգոր Ղազարեանը:
Հինգշաբթի թւականիս յունիսի 16-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպում ունեցաւ Արաքի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ներկայացուցիչներ պարոնայք՝ Ալբերթ Բուդաղեանի եւ Բաբգէն Աբրահամեանի հետ:
Երեքշաբթի թւականիս յունիսի 14-ին, Իրանի Իսլամական Մշակութային եւ Առաջնորդութեան նախարարութեան Կրօնական փոքրամասնութիւնների բաժնի կենտրոնում (Էրշադ)՝ Մշակութային աշխատանքների եւ միութիւնների բաժնի գլխաւոր տնօրէն Էսմայիլ Ջանալիփուռի հետ կայացած հանդիպմանն, իր մասնակցութիւնն է բերել Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը:
Հոգեգալստեան «Պենտեկոստէի» տօնին յաջորդող կիրակին մեր եկեղեցին ոգեկոչում է յիշատակը Եղիա մարգարէի, իսկ նրա յաջորդ օրը յիշատակւում է Ս. Հռիփսիմէի եւ իր ընկերուհիների տօնը։
Մեր եկեղեցին սրբոց տօները տօնում է երկուշաբթի մինչեւ շաբաթ՝ բացի չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը, որոնք վերապահւած են ապաշխարութեան, բացառութեամբ Յիսնականց շրջանին զուգադիպող չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին։
Արդարեւ Հոգեգալուստեան կիրակի օրւան յաջորդող երկուշաբթի օրը մեր եկեղեցին յատուկ շարականներով եւ հանդիսաւորութեամբ տօնում է Սրբոց Հռիփսիմեանց կոյսերի տօնը։
ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՀՐԱՒԷՐ
Այսու յարգոյ պատգամաւորներին հրաւիրում ենք ներկայ լինելու
Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի
նիստերին, որը տեղի ունենալու
երկուշաբթի եւ երեքշաբթի
յունիսի 20-ին եւ 21-ին,
ժամը 18:30-ին,
Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Թ.Հ.Թ. 16-ՐԴ ՇՐՋԱՆԻ
ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԴԻՒԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
Բարձր Հովանաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ
ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ
ՅՈՒՇԵՐԵԿՈՅ
նւիրւած՝
ԿՈՄԻՏԱՍ ԱՒԱԳ ՔՀՆՅ. ՂԱՐԱԽԱՆԵԱՆԻ
Ուրբաթ, յունիսի 17-ին, 2022 թ., ժամը 19:30-ին,
Սրբ. Թարգմանչաց եկեղեցում:
ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ
Շաբաթ թւականիս յունիսի 11-ին, Սրբազան Հայրն Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ուսանողական Ֆոնդի մարմնի անդամներին:
Ուրբաթ թւականիս յունիսի 10-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի, հանդիպում կայացաւ Հայ Կանանց Բարեգործական ընկերութեան եւ «Հայ Կին» միութեան եւ նրան կից՝ «Անի» եւ «Արմենուհի» միութիւնների, Սրբ. Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցասէր Կանանց եւ Հայ Կանանց Եկեղեցասէր միութիւնների վարչութեան ներկայացուցիչների հետ:
Չորեքշաբթի թւականիս յունիսի 8-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն, իր գրասենեակում ընդունեց «Յոյս» բարեսիրական կենտոնի ներկայացուցիչներ՝ օր. Լուսինէ Նազարեանին եւ տկն. Սիոնա Մարտիրոսեանին, ովքեր Հայաստանի «Արարատ» մարզում առաջացրել են «Յոյս» բարեսիրական կենտրոն: